ԱՄՆ-ի պետքարտուղար Մարկո Ռուբիոն շաբաթ օրը հեռախոսազրույց է ունեցել ռուսաստանցի պաշտոնակից Սերգեյ Լավրովի հետ՝ վերջին բանակցությունների վերաբերյալ տեղեկություն ստանալու նպատակով։ «Մի կողմից, մենք փորձում ենք խաղաղության հասնել և վերջ դնել շատ արյունալի, թանկարժեք և կործանարար պատերազմին, ուստի որոշակի համբերություն է պահանջվում։ Մյուս կողմից, մենք զուր վատնելու ժամանակ չունենք։ Աշխարհում շատ այլ բաներ են տեղի ունենում, որոնց մենք նույնպես պետք է ուշադրություն դարձնենք»,- ընդգծել է Ռուբիոն։               
 

Խորհրդարանական ընտրությունների երևանյան «փլատակները»

Խորհրդարանական ընտրությունների երևանյան «փլատակները»
09.04.2017 | 21:31

Երևանի ավագանու ընտրությունները մնացին խորհրդարանական ընտրությունների «փլատակների» տակ: Ընդամենը երկու կուսակցություն և մեկ դաշինք են հավակնում մասնակցել քաղաքային նոր իշխանության ձևավորման գործընթացին:

Խորհրդարանական ընտրություններում պարտվածների չմասնակցության մոտիվացիան հասկանալի է ` թե՛ քաղաքական, թե՛ մարդկային գործոններով: Այստեղ նույնիսկ ավելորդ է անդրադառնալ հնչող հրապարակային մոտիվներին:


Այլ է խորհրդարանական ուժերից երկուսի չմասնակցության պարագան, մանավանդ, երբ բոլորն են ընդունում, որ Երևանի ավագանու ընտրությունները, իրենց մասշտաբով, համապետական նշանակություն ունեն և երկրորդն են խորհրդարանական ընտրություններից հետո:
Սա բացառիկ դեպք է, որ ՀՅԴ-ն ընտրություններին իր չմասնակցությունը հիմնավորում է մի մոտիվացիայով, որն իրական է: Դաշնակցությունում ասում են, որ ապրիլի 2-ին Երևանում շատ քիչ ձայներ են ստացել և փաստորեն անուղղակի խոստովանում են, որ դրանք ավելացնելու հույս չունեն` ո՛չ սեփական ուժերով, ո՛չ էլ ՀՀԿ-ի վարչական ռեսուրսի օգնությամբ:


Այլ է ԲՀԿ-ի պարագան: Բնականաբար, ոչ ոք չի կարող հավատալ, որ ժամանակի սղությունն ու ծրագրային անպատրաստությունն են այս ուժի` երևանյան ընտրություններին չմասնակցության պատճառը: Դեռ մեկ ամիս առաջ Գագիկ Ծառուկյանի թիմը հավակնում էր ստանալ 50% ու ավելի քվեներ և ձևավորել իշխանություն երկրի մասշտաբով: Համապետական ամբիցիաներ ունեցող թիմը չի կարող չունենալ Երևանի զարգացման իր տեսլականը, մանավանդ, երբ Երևանը ոչ միայն սոսկ մայրաքաղաք է, այլ մի տեղ, որտեղ կենտրոնացած են քաղաքական, տնտեսական, ֆինանսական ռեսուրսների գերակշիռ մասը, հանրապետության քաղաքացիների գրեթե կեսն ապրում է Երևանում կամ առնվազն առնչվում է մայրաքաղաքի հետ:


Համապետական ընտրություններում ԲՀԿ-ն ստացավ ՀՀԿ-ի «ապտակը», այս ընտրություններում կարող էր ստանալ նոր ընդդիմության դերին հավակնող «Ելքի» ապտակը: Մի բան, որ լրիվ օրինաչափ կլիներ պրովինցիալ ծագում ունեցող և Երևանում սահմանափակ էլեկտորալ ռեսուրս ունեցող կուսակցության համար: Գուցե այս հեռանկարն է կանխել Գագիկ Ծառուկյանը: Կամ մեծահարուստ գործարարը պատասխան «ապտակն» է տվել ՀՀԿ-ին` հրաժարվով բուֆերի դերից և իշխանությանը մենակ ու «անպաշտպան» թողելով ընդդիմության դեմ: Գուցե իշխանությունն է համոզել Ծառուկյանին հենց այդպես վարվել, որ «մենամարտում» զսպի «Ելքի» աճող հավակնությունները:


Դժվար է ասել, թե որոնք են գլխավոր մոտիվները, սակայն Երևանի ընտրություններին մասնակցելու է ընդամենը երեք ուժ. ՀՀԿ-ն լեգիտիմացնելու է իշխանության, «Ելքը»` ընդդիմության սեփական կարգավիճակները: Զարուհի Փոստանջյանի «Երկիր ծիրանի» կուսակցության համար այս ընտրություններն առաջինն են, ու առնվազն ցանկալի չէր, որ նոր ուժը դրանցում վերածվի իշխանություն-ընդդիմություն հարաբերությունների մանրադրամի: Սակայն, ինչքան էլ անցանկալի հնչի, Զարուհին երրորդ բևեռ ձևավորել չի կարող և քարոզչական ֆոն է հանդիսանալու, որի միջոցով իշխանությունները խոսելու են ընդդիմության մասնատվածության, ռեսուրսների փոշիացման մասին: Իշխանություններն իրենց վերարտադրության խնդիրը լուծելու են փողով ու հարկադրանքով, բայց ընդդիմության պարտությունը «լեգիտիմացնում» են այս գործընթացում Փոստանջյանի ներկայությամբ: «Երկիր ծիրանին» ուներ այլընտրանք ու կարող էր նպաստել նրան, որ ընտրություններն անցկացվեն «սև-սպիտակի» սկզբունքով, բայց մերժել է «Ելքի» բոլոր առաջարկությունները, որոնք միասնական ցուցակ ձևավորելու առնվազն երեք վարկած են ենթադրել:
Երևանի քաղաքային իշխանությունը չի փոխվելու, բայց Տարոն Մարգարյանն ավելի լեգիտիմ կարող է դառնալ, եթե Երևանում ավելացնի կամ առնվազն պահպանի ապրիլի 2-ին ՀՀԿ-ի ստացած 241.082 ձայները: Տարոն Մարգարյանի թիմը հույսը կարող է դնել ԲՀԿ-ի բազմաշերտ էլեկտորատի այն մասի վրա, որը սովոր է քվեարկել փողով:


«Ելքի» մասնակցությունը Երևանի ընտրություններին բացառապես քաղաքական է` թե՛ դեմքով, թե՛ օրակարգով: Այս դաշինքն իր խորհրդարանական քվեների մոտ 57%-ը ստացել է Երևանից ու բնական է, որ ավագանու ընտրությունները պետք է օգտագործի` միավորված ու առանցքային ընդդիմության իր կարգավիճակն ամրագրելու համար, մայրաքաղաքում «քաղաքացիական օազիսը» մեծացնելու նպատակով, մանավանդ, Ելքի օգտին են կողմնորոշվելու ԲՀԿ-ի բողոքական էլեկտորատը, ՀԱԿ-ի ու «Ազատ դեմոկրատների» թեկուզև սակավաթիվ կողմնակիցները:


ՀՀԿ-ի վերջին համագումարում Սերժ Սարգսյանը, ըստ էության, խոսում էր երկկուսակցական համակարգի կայացման հեռանկարի մասին: Երևանում մայիսի 14-ին գուցե այս մոդելն է փորձարկվելու ու, թերևս, դա լինի ԲՀԿ-ի չմասնակցության իրական պատճառը, որովհետև, ժամանակի ընթացքում, այս կուսակցությունն ու նրա կես միլիոնանոց էլեկտորատը տարրալուծվելու են իշխանության և ընդդիմության մագիստրալ բևեռներում:

Սարգիս ԱՐԾՐՈՒՆԻ

Դիտվել է՝ 1603

Մեկնաբանություններ